ԱԱՊ բարեփոխումների բաղադրիչն այս կամ այն կերպ առնչվում է Ծրագրի մյուս բոլոր բաղադրիչներով նախատեսված միջոցառումներին: Այն զգալի չափով հիմնվում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Սոցիալական Բարեփոխումների Ծրագրի (ASTP) գործունեության այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են ընտանեկան բժշկության կարեւորմամբ ԱԱՊ բարեփոխումների հիմնական փաթեթի փորձարկումը, առանձին շրջաններում բնակչության գրանցման սկզբունքների կիրառումը, աշխատուժի պլանավորման եւ առողջապահության ռեսուրսների տեղաբաշխման մեխանիզմների կատարելագործման բնագավառում աշխատանքների իրականացումը:
Ներկա փուլում Ծրագրի նպատակն է բարեփոխումների մշակված փաթեթը տարածել ողջ հանրապետության մասշտաբով` ընդգրկելով նույնիսկ ամենահեռավոր գյուղական շրջանները: Ակնկալվող հիմնական արդյունքներն են.
| • նպատակային բուժհաստատություններում ԱԱՊ ծառայությունների մատչելիության, որակի եւ հիվանդների բավարարվածության մակարդակի բարելավումը. |
| • Բարեփոխումներին աջակցող քաղաքականության եւ օրենսդրական դաշտի մշակմանը աջակցություն. |
| • դեպի գյուղական վայրեր ԱԱՊ բժիշկների հոսքը խթանելու համար աշխատուժի պլանավորման եւ խրախուսման արդյունավետ մեխանիզմների ներդրում. |
| • Բուժհաստատությունների մակարդակով կառավարման, վերահսկողության եւ ֆինանսական վերահսկման մեխանիզմների կատարելագործում. |
| • մոտ 230 ԱԱՊ հաստատությունների վերանորոգում եւ բժշկական նպատակների համար սարքավորումներով հագեցում: |
Ակնկալվող յուրաքանչյուր արդյունքին հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը կենտրոնացված են համապատասխան մակարդակի վրա.
- • Ազգային եւ մարզային մակարդակ` իրավական դաշտ, բնակչության գրանցում, աշխատուժի պլանավորում, բյուջեների կազմում, առողջապահության ազգային հաշիվներ, շարունակական բժշկական կրթության համակարգեր, որակի ապահովում, առողջապահական տեղեկատվական համակարգեր.
• Բուժհաստատությունների մակարդակ` կառավարման գործընթաց, ֆինանսներ եւ հաշվապահական հաշվառում, բուժօգնության որակի բարելավում, ենթակառուցվածքի բարելավում, առողջապահական տեղեկատվական համակարգեր.
• Համայնքային մակարդակ` առողջ ապրելակերպ, հասարակական կազմակերպությունների հզորացում եւ փոքր դրամաշնորհներ, համայնքային ներգրավում:
Համագործակցություն պետական մարմինների հետ
Ծրագրի հաջող իրականացումը մեծապես կախված ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, Պետական առողջապահական գործակալության եւ այլ շահագրգիռ կողմերի աջակցությունից: Ծրագրի անձնակազմը ներկայումս համագործակցում է նշված պետական մարմինների հետ` Հայաստանում ԱԱՊ համակարգի բարեփոխումների առաջնահերթություններն ու հիմնական մոտեցումները հստակեցնելու եւ դրանք իրավաբանական փաստաթղթերում ամրագրելու ուղղությամբ:
ԱԱՊ հաստատությունների վերանորոգում եւ արդիականացում
ԱԱՊ համակարգի բարեփոխման շրջանակներում Ծրագիրը վերանորոգման եւ ժամանակակից համակարգչային ու բժշկական սարքավորումներով հագեցման նպատակով իրականացնում է ԱԱՊ հաստատությունների (պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, եւ ԲՄԿ-ների) ընտրության գnրծընթացը: Հաստատությունների ընտրության չափանիշները հիմված են մի շարք գործոնների վրա, ինչպիսին են համայնքի բնակչության թիվը, բուժօգնության մատչելիությունը, ենթակառուցվածքի վիճակը, նախկինում կամ ներկա պահին ԱՄՆ ՄԶԳ կամ դոնոր կազմակերպությունների այլ ծրագրերում ներգրավվածությունը: Իր ունեցած առաջխաղացումն ու ձեռքբերումները Ծրագիրը գնահատելու է գնահատման մի շարք գործիքների օգնությամբ:



