Հայաստանում ընտանեկան բժշկության (ԸԲ) զարգացումը սկիզբ առավ 1999 թվականին, երբ ՀՀ Առողջապահւթյան նախարարության կողմից հաստատվեցին Ընտանեկան բժշկի գործունեության դրույթները: Համակարգում լայնածավալ բարեփոխումների շնորհիվ հնարավոր դարձավ վերջին մի քանի տարիների ընթացքում ԸԲ իրավական դաշտի սահմանումն ու հանրապետության մասշտաբով ԸԲ ինստիտուտի ճանաչումը: 2003 թվականին ընդունվեց Ընտանեկան բժշկության միօրինակացված կրթական ծրագիրը, որին համապատասպան վերապատրաստվել են առողջության առաջնային պահպանման համակարգի մեծ թվով մասնագետներ` ստանալով ընտանեկան բժշկի որակավորում:
Այնուամենայնիվ, Հայաստանում ԸԲ հետագա զարգացմանը խոչընդոտում են մի շարք գործոններ, այդ թվում` կլինիկական ուղեցույցների եւ ստանդարտների բացակայությունը, ռեսուրսների պակասը, խրախուսման համակարգի բացակայությունը, ընտանեկան բժշկության պրակտիկաների անբավարար թիվը, շարունակական կրթության հնարավորությունների սահմանափակությունը, բնակչության տեղեկացվածության թերի մակարդակը:
ԸԲ զարգացման բնագավառում ԱԱՊԲ Ծրագրի հիմնական նպատակներն են.
• աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը` Հայաստանում ԸԲ որպես առողջության առաջնային պահպանման հիմնական առաջնահերթություն զարգացնելու գործում.
• առաջարկել եւ ներդնել ԸԲ պրակտիկայի մոդելներ. աջակցել ողջ հանրապետությունում նոր ԸԲ պրակտիկաների հիմնադրմանը.
• մշակել եւ ներդնել ժամանակակից կլինիկական ստանդարտներ, ուղեցույցներ եւ ստուգացուցակներ.
• մշակել եւ պաշտոնական շրջանառության մեջ դնել շարունակական բժշկական կրթության համար ժամանակակից ուսումնական ծրագրեր եւ ուսումնական փաթեթներ.
• վերապատրաստել 150 ընտանեկան բժիշկներ եւ 670 ընտանեկան բուժքույրեր:
Իրականացվելու են նաեւ հանրային իրազեկման լայնամասշտաբ արշավներ` ԸԲ եւ նրա առավելությունների մասին բնակչության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ծրագիրը հիմնվելու է Հայաստանում ԸԲ ներդրման առաջին փուլում զգալի աջակցություն ցուցաբերած ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Սոցիալական Բարեփոխումների Ծրագրի (ASTP) փորձի վրա: Հաշվի են առնվելու նաեւ առողջապահության բնագավառում իրականացվող այլ ծրագրերի (ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ Ծրագիրը) գործունեության արդյունքները:
Աջակցություն ԸԲ քաղաքականությանը
Ծրագիրը ներկայումս համագործակցում է ՀՀ Առողջապահության նախարարության հետ` մշակված հետեւյալ ուղղությունների փաստացի ներդրման ուղղությամբ.
| ԸԲ պրակտիկայի խթանման համակարգ` ՀՀ ԱՆ սերտ համագործակցությամբ Ծրագիրն աշխատում է ԱԱՊ բժիշկների համար գործունեության արդյունքների վրա հիմնված վարձատրության մեխանիզմների ներդրման վրա: Բացի այդ, հաշվի առնելով հեռավոր գյուղական վայրերում ընտանեկան բժիշկների եւ բուժքույրերի նկատմամբ առկա պահանջարկը, քննարկվում են նաեւ այդ վայրերում ԸԲ պրակտիկաներ հիմնելու ֆինանսական եւ ոչ ֆինանսական խթանների ներդրման հարցերը: |
| Ընտանեկան բժիշկների գործունեության ոլորտի ընդլայնում` Ծրագիրը շահագրգիռ անձանց աջակցում է ԱԱՊ ծառայություններ տրամադրողների պարտականությունների ընդլայնման առավելությունները հիմնավորելու գործում, ինչը կխթանի նաեւ ԸԲ որպես ԱԱՊ համակարգի հիմնաքարի ճանաչումը. |
| Համայնքային բուժքրոջ դերի կարեւորում` 2005 թվականին ՀՀ ԱՆ կողմից հաստատված Ընտանեկան բուժքրոջ դրույթներով կարգավորվեց Հայաստանում բուժքույրության պրակտիկայի դաշտը: Այնուամենայնիվ, մինչ օրս էլ ընտանեկան / համայնքային բուժքրոջ ինստիտուտը համատարած ճանաչում չի ստացել: Նկատի ունենալով, որ հատկապես գյուղական վայրերում բուժքույրերի դերը առողջության պահպանման եւ առողջ ապրելակերպի մասին բնակչության տեղեկացման գործում անգերագնահատելի է, ԱԱՊԲ Ծրագիրը` ՀՀ ԱՆ, բժշկական քոլեջների եւ ՆՕՎԱ Ծրագրի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում բուժքրոջ դերի եւ պարտականությունների, ինչպես նաեւ կրթության պահանջվող մակարդակի հստակեցման ուղղությամբ: |
ԸԲ պրակտիկայի զարգացում
Համագործակցելով ՀՀ ԱՆ եւ Համաշխարհային Բանկի հետ` Ծրագիրն իրականացնելու է ԸԲ պրակտիկայի տարբեր մոդելների (պոլիկլինիկայի հիման վրա կամ անկախ մասնավոր ԸԲ պրակտիկա, գյուղական վայրերում ԸԲ պրակտիկա) ներդրման իրականացվելիության ուսումնասիրություն (feasibility study)` Հայաստանի համար առավել արդյունավետ մոդելի ընտրության նպատակով: ԸԲ պրակտիկաների ստեղծման գործընթացն ու նրանց գործունեության կարգավորող ՀՀ Կառավարության որոշումն արդեն իսկ մշակված է եւ գտնվում է քննարկման ու լրամշակման փուլում:
ԱԱՊԲ Ծրագիրը ՀՀ Կառավարության որոշմանը համաձայն հիմնադրված ԸԲ պրակտիկաներին կաջակցի իրավաբանական անձի կարգավիճակի ձեռքբերման, ռազմավարական եւ մարդկային ռեսուրսների պլանավորման, ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման, ինչպես նաեւ ծառայությունների մարքետինգի իրականացման գործում:
Շարունակական բժշկական կրթություն
Ծրագրի նպատակներից մեկն է ընտանեկան բժիշկների եւ բուժքույրերի շարունակական ուսուցման հնարավորությունների ընլայնումը: Այս ուղղությամբ կատարվող գործողություններին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ կայքի Կլինիկական ուսուցում բաժնում:



