Վերջին նորություններ
Հարգելի ընկերներ և գործընկերներ`
Հարգելի ընկերներ և գործընկերներ`
Հինգ տարի տևած խթանող և մարտահրավերներով լի աշխատանքից հետո, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) ծրագիրը 2010 թ. սեպտեմբերի 30-ին փակում է իր դռները: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել մեծ թվով անհատների և գործընկերների, ում հետ աշխատել ենք այս ընթացքում` մեր սովորածի, հաստատված ընկերության և Հայաստանի առողջության առաջնային պահպանման ոլորտը զարգացնելու գործընթացի մաս հանդիսանալը մեզ վստահելու համար: Մեր Ծրագրի ինտերնետային կայքը (www.phcr.am) հասանելի կլինի մինչև 2010 թ. հոկտեմբերի 31-ը: Ինչևէ, կայքում պարունակվող նյութերն այդ ժամկետից հետո չեն կորչի: ՀՀ առողջապահության նախարարությունը սիրով համաձայնել է տեղակայել դրանք իր ինտերնետային կայքում` www.moh.am հասցեով:
Հարգանքով, ԱԱՊԲ ծրագիր
ԱՄՆ ՄԶԳ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների հնգամյա ծրագիրն ամփոփում է իր գործունեությունը
Երևան, Հայաստան. 2010 թ. սեպտեմբերի 3-ին, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲ) հնգամյա ծրագիրը պաշտոնապես ամփոփեց իր գործունեությունը: Ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ոլորտում ԱԱՊԲ ծրագրի աջակցությամբ իրականացված բարեփոխումների ձեռքբերումները և քաղված դասերը: Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ ֆինանսների նախարարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, միջազգային այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ մեծարգո հյուրեր:
ԱԱՊԲ ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2005 թ. սեպտեմբերին` որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանում ԱԱՊ ծառայությունների օգտագործման և որակի բարելավումը: ԱԱՊԲ ծրագրի աջակցությունը ՀՀ ԱՆ-ին բազմաշերտ էր` ազգային մակարդակում ԱԱՊ բարեփոխումների ռազմավարության և աշխատանքների մշակման ու իրականացման հարցում ՀՀ ԱՆ-ին ցուցաբերված օժանդակությունից մինչև գյուղական համայնքներում ԱԱՊ որակի և առողջապահական հարցերում բնակչության իրազեկության բարելավումը:
2005-2010 թթ. ընթացքում ԱՄՆ ՄԶԳ/ԱԱՊԲ ծրագրի և ՀՀ ԱՆ համատեղ ձեռքբերումներից են երկրով մեկ ԱԱՊ բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման (ԲԳ) ավտոմատացված համակարգի ներդրումը` իր բժշկի մոտ գրանցված գրեթե 2.7 միլիոն բնակչությամբ, ինչպես նաև ԲԳ համակարգի վրա հիմնված ֆինանսավորումը, երկրով մեկ բուժծառայությունների մատուցման հաշվառման ավտոմատացված և կատարողականի վրա հիմնված փոխհատուցման համակարգերի ներդրումը, առողջապահության կառավարման տեղեկատվական ՄԻԴԱՍ-3 ավտոմատացված համակարգի մշակումը և տեղակայումը երկրով մեկ, ավելի քան 300 ԱԱՊ հաստատություններում կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության բարելավումը, գյուղական վայրերի 175 բուժակ-մանկաբարձական կետերի և ամբուլատորիաների վերանորոգումը, կահավորումը և ապահովումը բժշկական պարագաներով ու գործիքներով, «ԱԱՊ ոլորտում որակի ապահովում» ծրագրի ներդրումը ԱԱՊ 139 համեմատաբար խոշոր հաստատություններում, առողջապահության ազգային հաշիվների մշակումը, «Ընտանեկան բժշկության միօրինականացված կրթական ծրագրի» ընդլայնումը և ընտանեկան բժշկություն դասավանդող կրթական հաստատությունների կարողությունների հզորացումը, առավել տարածված հիվանդությունների վերաբերյալ համառոտ կլինիկական գործելակարգերի ներդրումը Հայաստանի բոլոր ԱԱՊ հաստատություններում, գյուղական վայրերի 500 բուժքույրերի կրթումը ընտանեկան/համայնքային բուժքույրություն մասնագիտությամբ, առողջ ապրելակերպի տարածման նպատակով գյուղական համայնքներում 161 համայնքային առողջապահական կոմիտեների ստեղծումը և վերապատրաստումը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության և դեղորայքի վերաբերյալ տեղեկատվական նյութերի ապահովումը երկրի բոլոր առողջապահական հաստատություններում:



